ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը խորհրդարանում ներկա է գտնվել Մայիսյան եռատոնին նվիրված ցուցահանդեսին

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը խորհրդարանում ներկա է գտնվել Մայիսյան եռատոնին նվիրված ցուցահանդեսին

Մայիսի 11-ին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրավերով խորհրդարանում ներկա գտնվեց Մայիսյան եռատոնին նվիրված «Հայ ճարտարապետների ստեղծագործական ներդրումը Բաքվի քաղաքային դիմագծի ստեղծման գործում» թեմայով ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են հայ ճարտարապետների` Բաքվում կատարած աշխատանքները:

Ցուցահանդեսը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Թ․ Թովմասյանը, ներկա էին պատգամավորներ, պատմաբաններ, ճարտարապետներ, արվեստաբաններ, ներկայացուցիչներ պետական, պաշտոնական գերատեսչություններից, խորհրդարանի աշխատակազմից:

«Այս տարին մեզ համար շատ ծանր էր: Շուշին մերը չէ, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է պայքարենք: Մենք պետք է առաջ նայենք և շարունակենք պայքարը հանուն այն տարածքների, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- Թ․ Թովմասյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են հայազգի, այդ թվում` ծնունդով Շուշիից, ճարտարապետներ Գաբրիել Միքայելի Տեր-Միքելյանի,  Վարդան Ստեփանի Սարգսյանի, Նիկողայոս Գևորգի Բաևի, Հովհաննես Մաթևոսի Քաջազնունու, Սիմոն Տեր-Հակոբյանցի, Աննա Սարգսի Օլտեցյանի, Ֆրեյդուն Հակոբի Աղալյանի աշխատանքների լուսանկարները: Նրանց ստեղծագործական մտքի շնորհիվ Բաքուն գավառական ավանից վերածվեց Անդրկովկասի խոշոր վարչական և արդյունաբերական կենտրոնի: Կարևոր է նշել նաև, որ Բաքվի զարգացմանը նպաստել են հայազգի մեծահարուստներ Ա.Մանթաշյանի, Պ. Տեր-Ղուկասյանի, Մ. Արամյանցի, Բուդաղյան եղբայրների, Ադամյանների և այլ մեծահարուստների դրամական ներդրումները:

«Հայ ճարտարապետների ստեղծագործական ներդրումը Բաքվի քաղաքային դիմագծի ստեղծման գործում» թեմայով ցուցադրության նյութերը նախապատրաստել է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը 90-ականներին աշխատել է պրոֆեսոր Էդմոն Տիգրանյանի հետ: 90-ականների սկզբին ճարտարապետության դոկտոր, պրոֆեսորը հրատարակել է «Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. XIX դարի վերջ և XX դարի սկիզբ» աշխատությունը: Էդմոն Տիգրանյանն անվանի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին է: Սովորել է Սանկտ Պետերբուրգում, աշխատել Թբիլիսիում, 1940-ից` Երևանում: Էդմոն Տիգրանյանը Երևանում և Թբիլիսիում կառուցված մի շարք նշանակալի բնակելի և հասարակական շենքերի, ինչպես նաև 100-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է: Գիտական աշխատությունում անդրադարձ է կատարվել 19-20-րդ դարերի Բաքվի քաղաքաշինական կերպարի ձևավորմանն առնչվող խնդիրներին: Հետազոտությունը արժեքավոր է նաև տարածաշրջանի հայոց կյանքի տարբեր կողմերը դիտարկելու տեսանկյունից:

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանը ներկայացրեց հայազգի ճարտարապետների գործունեությանը վերաբերող հետաքրքիր տեղեկություններ:

Հատկանշական է, որ Ախալքալաքում ծնված Հովհաննես Մաթևոսի Քաջազնունին, որն ուսանել է Պետերբուրգի Քաղաքացիական ճարտարապետների ինստիտուտում, 1893-1895-ին աշխատել է Բաքվի նահանգային վարչության շինարարության բաժնում, 1899-1906-ին` «Բաքվի նավթարդյունաբերողների համագումարի խորհրդում» որպես ավագ ճարտարագետ: 1918-ին ստանձնել է Հայաստանի առաջին վարչապետի պաշտոնը: Քաջազնունու գործերից է Բաքվի Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս հայկական եկեղեցին (1909թ.): Եկեղեցու շինարարությունն ավարտել է Բաևը, սակայն այն քանդել են 1937-ին: Հետագայում եկեղեցու հիմքի վրա կառուցվել է Պետական կոնսերվատորիայի շենքը: Այն հիմքում ունի խաչի ձև:

Խոսելով ծնունդով Շուշիից հայ մեծանուն ճարտարապետ Սիմոն Տեր-Հակոբյանցի մասին` Անուշ Տեր-Մինասյանը նշեց, որ նրա գործերից ամենահայտնին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Հայ Առաքելական եկեղեցին է: