Ռեկտոր Գոռ Վարդանյանը հաջողություն մաղթեց Սանկտ-Պետերբուրգում կայանալիք «Թվային հանքարդյունաբերություն» խորագրով ամառային դպրոց մեկնող ուսանողներին

Ռեկտոր Գոռ Վարդանյանը հաջողություն մաղթեց Սանկտ-Պետերբուրգում կայանալիք «Թվային հանքարդյունաբերություն» խորագրով ամառային դպրոց մեկնող ուսանողներին

Հունիսի 25-ին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը հանդիպում ունեցավ միջազգային «Ամառային դպրոց» մեկնող ուսանողներ հետ։

Պոլիտեխնիկի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի, ինչպես նաև Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տաս ուսանողներ հունիսի 26-ից մինչև հուլիսի 10-ը մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգի Լեռնային համալսարանի կողմից կազմակերպվող «Թվային հանքարդյունաբերություն» խորագրով «Ամառային դպրոց»-ի դասընթացներին։

Ռեկտորը, հաջողություն մաղթելով «Ամառային դպրոց» մեկնող ուսանողներին, շեշտեց, որ նման միջազգային ծրագրին մասնակցությունը լուրջ ձեռքբերում և փորձառություն է, միաժամանակ նաև մեծ պատասխանատվություն, քանի որ ուսանողները դպրոցում ներկայացնելու են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, հետևաբար՝ Պոլիտեխնիկական միտքն ու կրթությունը։ «Ցանկանում եմ, մեծ պատասխանատվությամբ ներկայացնեք մեր համալսարանը։ Հաջողություններ եմ մաղթում Ձեզ, վստահ լինելով, որ արդյունավետ կօգտագործեք այս հնարավորությունը», – եզրափակեց ռեկտորը։

Շնորհակալություն հայտնելով ռեկտորին՝ ուսանողները վստահեցրեցին, որ պատվով կներկայացնեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Պոլիտեխնիկը՝ նշելով, որ «Ամառային դպրոցի» դասընթացներին իրենց մասնակցության փորձը, ձեռք բերած հմտությունները, գիտելիքներն ու նաև ոգևորությունը կդարձնեն ապագայի ուղենիշ՝ հասնելու նոր նպատակների ու արդյունքների։

«Ամառային դպրոցի» հրավերը ստացվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 10-ին կնքված համաձայնագրով ՀԱՊՀ-ի բազայի վրա ստեղծվել է «ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային կենտրոնի Հայկական բաժանմունք»-ը։

ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնի նպատակներն են՝ մշակել ուսուցման համակարգ և կարողությունների զարգացում: Կազմակերպությունը կոչ է անում միավորել աշխարհի առաջատար համալսարանները` մեծ թվով առաջադրանքների իրականացման համար` ներառյալ ուսանողների, շրջանավարտների և առաջատար մասնագետների շարժունության համար պայմանների ստեղծումը, կրթական և մասնագիտական ​​չափորոշիչների միավորումը՝ ստեղծելով միջազգային մասնագիտական ​​սերտիֆիկացման միասնական համակարգ։