Մեր հավատքով, կրթությամբ, իմաստությամբ և առաջընթացով արժանի լինենք մեր հայրենիքին: Շնորհավոր անկախության 31-րդ տարեդարձդ՝ Մայր Հայաստան

Մեր հավատքով, կրթությամբ, իմաստությամբ և առաջընթացով արժանի լինենք մեր հայրենիքին: Շնորհավոր անկախության 31-րդ տարեդարձդ՝ Մայր Հայաստան
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր, թերևս, մեր նորագույն պատմության կարևոր և պետականության կայացման առանցքային օրերից մեկն է։ Այս օրվա համար պայքարել են ինչպես մեր պապերը, հայրերը, այնպես էլ այսօր արդեն մեր եղբայրներն ու քույրերը։
Ինչպես գիտեք երրորդ հանրապետության կայացման առաջին իսկ օրերից Պոլիտեխնիկի ուսանողությունը կանգնած է եղել Արցախյան շարժման ակունքում և առաջին ուսանողական կամավորական ջոկատները ձևավորվել են հենց մեր ուսումնական հաստատությունում։ Եվ՛ քառօրյա պատերազմում և 44-օրյա պատերազմում, Պոլիտեխնիկի ուսանողությունը կրկին կանգնած էր սահմանին պաշտպանելու մեր պետականությունը։ Համալսարանում բոլորը գիտեն մեր քաջ հերոսներին և անկախ սերնդից, մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նրանց, ամենօրյա մեր աշխատանքով, կրթությամբ և նորի ստեղծմամբ։ Այսօր խոնարհվում եմ բոլոր նահատակների առջև, իմ երախտագիտության խոսքն եմ հայտնում մեր քաջորդիների ծնողներին և հավատացնում, որ Պոլիտեխնիկի ողջ անձնակազմը և ուսանողությունը յուրաքանչյուր օր հիշում է մեր քաջերին և շարունակում ստեղծագործել հանուն ավելի ուժեղ և հզոր երկրի։
Սիրելի ուսանողներ,
անկախությունը մեր երկրին տրվել է մեծ փորձությունների գնով, այնպիսի տարիներին, որոնք համարվում էին նաև տեխնոլոգիական և տեխնիկական նորագույն զարգացման շրջաններ։ Այդ տարիներին Պոլիտեխնիկն առաջինն էր, որ անցում կատարեց նոր կրթական համակարգի և այն բուհական հաստատությունների շրջանում առաջինն էր, որ կայացրեց։
Այսօր մենք կրկին գտնվում ենք, նոր զարգացման շրջանում։ Արագ փոփոխվող աշխարհը նոր ինժեներական մարտահրավերներ է ներկայացնում և մենք կարող ենք այդ խնդիրներին դեմ հանդիման դուրս գալ, եթե ունենանք համապատասխան ինժեներական կրթություն։ Այսօր համալսարանը գտնվում է մեծ փոփոխությունների փուլում հանուն այդ նոր որակի կրթության։ Սակայն որքան էլ համալսարանը փոփոխությունների գնա, առաջին փոփոխությունը պետք է սկսի ուսանողներից և դա պետք է լինի գիտակցաբար։ Մենք ինքներս պետք է ձգտենք կրթվել, այդ կրթությամբ լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք կզարգացնեն ու կպաշտպանեն մեր հայրենիքը։
Սիրելի դասախոսներ, մանկավարժներ
վստահ եմ, որ օր ու գիշերվա Ձեր աշխատանքը միտված է մեր սերնդի կրթմանը, ովքեր կկարողանան նոր դրական փոփոխություններ բերել, զարգացնելով մեր երկիրը։ Ինչպես գիտեք, համալսարանը միջոցներ է տրամադրում նոր գիտական և ստեղծագործական աշխատանքների համար, որոնք պետք է խթան հանդիսանան այնպիսի խմբերի ձևավորման համար, ովքեր կկարողանան շրջադարձային ինժեներական լուծումներ բերել։ Ձեր գործն այս հարցում առանցքային է։
Հարգելի հայրենակիցներ,
կրկին շնորհավորելով բոլորիս անկախության 31-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում եմ, որ մեր հավատքով, կրթությամբ, իմաստությամբ և առաջընթացով արժանի լինենք մեր հայրենիքին:
Շնորհավոր անկախության 31-րդ տարեդարձդ՝ Մայր Հայաստան