Պոլիտեխնիկ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի զարգացման հայեցակարգ

Գոռ Վարդանյան, տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման մագիստրոս, 2021 թվական

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) իրավահաջորդն է, որը ստեղծվել է 1933թ. Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ:

Նորաստեղծ ինստիտուտը, ունենալով 2 ֆակուլտետ և 107 ուսանող, կոչված էր հմուտ կադրեր ապահովելու շինարարական հրապարակի վերածված հանրապետության շինարդյունաբերությանը և բուռն զարգացող քիմիական արդյունաբերությանը: Պոլիտեխնիկականը դարձավ երկրի արդյունաբերության մշտական ուղեկիցը, որի հաջողությունները միաժամանակ և փոխադարձաբար պայմանավորված էին ինստիտուտի ընդլայնմամբ և զարգացմամբ:

Աճելով Հայաստանի արդյունաբերության տեմպերին համընթաց՝ 1980-1985թթ. այն դարձավ Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը՝ իր շուրջ 25000 ուսանողներով և 65-ից ավելի մասնագիտություններով:

1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց՝ անվանվելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան(ՀՊՃՀ): ՀՀ Կառավարության որոշմամբ 2005թ. համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

ՀԱՊՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղերը՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում, որոնք իրենց հերթին մարզի գիտական մտքի հզոր կենտրոններ են: Համալսարանին կից գործում են նաև ՀԱՊՀ Քոլեջը և Ավագ դպրոցը: Համալսարանը միակն է Հայաստանում, որ ունի իր մանկապարտեզը:

Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական կրթական ծրագրեր` միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի և ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճանների շնորհմամբ։

Բացի ուսումնական ստորաբաժանումներից, Համալսարանում գործում են մի շարք աջակցող կենտրոններ, մշակութային, մարզական, սոցիալական և ուսանողական սննդի օբյեկտներ։ Համալսարանն ունի Գիտատեխնիկական գրադարան` ավելի քան 1 միլիոն միավոր գրականությամբ, համակարգչային լայն ցանց` ավելի քան 2000 ժամանակակից համակարգիչներով և տեխնոլոգիական կարողությամբ մի շարք լսարաններ։

Ներկայումս Պոլիտեխնիկական համալսարանն ազգային բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարներից է և հեղինակություն է վայելում ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս։ Այն տեխնիկական գիտությունների խոշոր գիտահետազոտական կենտրոն է։ Այստեղ կատարվում են հետազոտություններ բարդ տեխնիկական համակարգերի մաթեմատիկական մոդելավորման, նանոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինֆորմատիկայի, մեքենագիտության և նյութագիտության, էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և միկրոէլեկտրոնիկայի, քիմիական տեխնոլոգիաների և մեքենաշինության, ավտոմատացման և կառավարման համակարգերի, ինչպես նաև` կիրառական մաթեմատիկայի բնագավառներում։

Համալսարանում ձևավորվել և շարունակում են ձևավորվել ինստիտուտներ, որոնք խորացված են տվյալ կրթության ոլորտում և միտված են ապահովելու ավելի խորքային գիտելիքներ։

Ներկայումս Պոլիտեխնիկն ունի համագործակցության շուրջ 175 պայմանագրեր միջազգային գործընկեր համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ ամբողջ աշխարհում: Համալսարանում տարեկան իրականացվում են ավելի քան 22 միջազգային գիտահետազոտական և դրամաշնորհային ծրագրեր: Դրանք ֆինանսավորվում են տարբեր միջազգային գործակալությունների և ֆոնդերի կողմից, ինչպիսիք են՝ «Erasmus+»,  ESPAQ, «DOCMEN», «MARUEEB», «InnoCENS» և «eDrone»:

ՀԱՊՀ-ի ոչ ակադեմիական ակտիվ գործընկերների շարքում կարելի է առանձնացնել Synopsys, National Instruments, Microsoft, Kaspersky Lab, Autodesk, Magate, Chronimet Mining, Impex High Tech, Schneider Electric, Simens, Beelin, РосАтом, «Տաշիր Գրուպ» և մի շարք այլ առաջատար միջազգային ընկերություններ և հաստատություններ:

Համալսարանը, արդեն երկար տարիներ հաջողությամբ մասնակցելով մի շարք գիտահետազոտական (INTAS, USAID, NATO Science, SCOPES, DAAD, FP, МНТЦ և այլն) ծրագրերի, սերտորեն անդամակցում է բազմաթիվ առաջատար արտասահմանյան բուհեր և գիտահետազոտական կենտրոններ միավորող այլ կոնսորցիումների:

ՀԱՊՀ-ն խրախուսում է ուսանողների մասնակցությունը փոխանակման ծրագրերում:

Համալսարանի ուսանողական համակազմի անքակտելի մասն են կազմում օտարերկրյա ուսանողները: Ներկայումս ավելի քան 80 օտարերկրացի ուսանողներ են սովորում ՀԱՊՀ-ում:

Պոլիտեխնիկում գիտական հետազոտություններն անցկացվում են ինչպես ինստիտուտներում/ֆակուլտետներում, այնպես էլ հետազոտական բազային լաբորատորիաներում։ Գործում են գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճանների շնորհման 6 մասնագիտացված խորհուրդներ։

Իր գործունեության 85 տարիների ընթացքում Պոլիտեխնիկը երկրին տվել է  ավելի քան 125000 շրջանավարտ, ովքեր ձևավորել են Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ներուժը, գիտատեխնիկական հանրությունը և արդյունաբերական ղեկավարությունը։